ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ոչ մեկն իր օրն առանց առավոտի չի պատկերացնում, բոլորի համար օրը սկսվում է առավոտով»

«Ոչ մեկն իր օրն առանց առավոտի չի պատկերացնում, բոլորի համար օրը սկսվում է առավոտով»
27.04.2012 | 00:00

«Իրատես de facto»-ին հյուր է համամասնական ընտրակարգով (ՀՀԿ) պատգամավորության թեկնածու ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Ի՞նչ եք ուզում ասել Ձեր պոտենցիալ ընտրողին:

-Առաջին հերթին ուզում եմ համբերություն մաղթել, որ այս նախընտրական թոհուբոհի, քարոզարշավի իրարանցման մեջ կարողանա պահպանել սթափ մտածողությունը` ճիշտ ընտրություն կատարելու համար: Լեզվի տակ ոսկոր չկա, կարելի է խոստումներ շռայլել, ինչ ասես ու ինչքան ասես խոստանալ, ես ուղղակի ուզում եմ հորդորել` չլսել այն խոստումները, որ իրականությունից կտրված են: Տրամաբանությունը և փորձառությունը թելադրում են, որ ոչ բոլոր քաղաքական ուժերի ոչ բոլոր խոստումներն են կատարվում, անհնարինն ու հնարավորը իրարից զատել է պետք: Իսկ իմ ընտրողին պարզապես ուզում եմ ասել` լավատես եղեք, լավատեսությունն ամենաճիշտ և ճշգրիտ հայացքն է կյանքին, հուսահատությունը ամենադաժան և քանդող զգացումն է, մարդը ցանկացած իրավիճակում չպիտի հուսահատվի: Հուսահատ քաղաքացին չի կարող փոխել իր կյանքը:

-Իսկ անհիմն լավատեսը կարո՞ղ է:

-Ես, իհարկե, հասկանում եմ հեգնանքը, հասկանում եմ, որ սոցիալական վիճակը, արտագաղթի թվերը, զբաղվածության պատկերն առանձնապես լավատեսության հիմքեր չեն տալիս: Ես բոլորի նման ապրում եմ այս երկրում, ու իմ երկրի կյանքն անցնում է իմ կյանքի միջով, իմ առօրյայի միջով, բայց եթե թևաթափ ես լինում ու դադարում ես փոփոխությունների հնարավորությանը հավատալուց, պետք է վերջակետ դնես: Ապրող, շնչող մարդը չի կարող փոփոխությունների չհավատալ, հակառակ դեպքում ինքդ քո ձեռքով կյանքդ վերածում ես ճահճի ու կամաց-կամաց ընկղմվում ես տիղմի մեջ: Հավատացող մարդը նաև քայլեր անող մարդն է, իսկ քայլերը միշտ արդյունքներ են ունենում:

-Խելքո՞վ, սրտո՞վ, թե՞ մտքով է ընտրողն առաջնորդվում:

-Ընտրողները, ինչպես և ընտրվողները, տարբեր են լինում ու առաջնորդվում են խելքով էլ, մտքով էլ, փողով էլ: Ինքս երազում եմ այն Հայաստանը, որի ընտրողը մտքով է կատարում իր ընտրությունը, գաղափարով է առաջնորդվում և իր ընտրության դիմաց վճար ստանալն անպատվություն է համարում, այդ դեպքում փոփոխությունները շատ ավելի արագ կկատարվեն:

-Դա ընտրողների՞ խնդիրն է, թե՞ ընտրվողների:

-Երկուսի էլ, բնության մեջ միակողմանի ոչինչ չկա: Ընտրողը պիտի պահանջի իրեն անհրաժեշտ գաղափարը, և ընտրվողն իրավունք չունի խաբելու ընտրողին` հետագա 5 տարվա մեջ մոռանալով այն, ինչ խոստացել էր նախընտրական մեկ ամսում:

-Նախընտրական մեկ ամիսը սրընթաց ժամանակ չէ՞ լուրջ ճշտումների համար:

-Նախընտրական մեկ ամիսը իրականում ավելի շատ շոու է, քաղաքական ուժերի հույսը հազիվ թե քարոզարշավի վրա է` իրենց խոսքը տեղ հասցնելու համար: Ընտրող-ընտրվող հանդիպումները ոչ թե 4-5 տարվա ընդմիջումով պիտի լինեն, այլ պարբերաբար, որպեսզի չխզվի կապը, որպեսզի հասարակությունն ինքն իրեն ու իր ընտրյալներին ավելի լավ ճանաչի ու հասկանա: Ընտրված քաղաքական ուժը, ընտրված քաղաքական գործիչը պարզապես պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, որովհետև, առաջին հերթին, դա պահանջում է մեր երկրի Սահմանադրությունը. Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ընտրության շնորհիվ ժողովրդից ստացած իշխանության կրողը պարտադրված պետք է լինի ժամանակ առ ժամանակ հանդիպելու իրեն իշխանություն վստահածին:

-20 տարի եղել եք բարիկադի այս կողմում, հիմա անցնում եք մյուս կողմը, տարբերություններ կա՞ն:

-Ես ընդհանրապես դեմ եմ բարիկադներին` և՛ մարդկային հարաբերություններում, և՛ քաղաքականության մեջ, որովհետև երբեք չեմ ընդունել ընդդեմ կամ ի հեճուկս գործելաոճը, և՛ երեկ, երբ լրագրող էի, և՛ այսօր ու վաղը, եթե ընտրվեմ ու քաղաքական ասպարեզում լինեմ: «Ընդդեմ» մտածողությունը մեր հասարակությունից պետք է վերանա, նման գործելաոճով քաղաքական ուժերը ի սկզբանե դատապարտված են, որովհետև չունեն «հանուն»-ը, չունեն «ինչու»-ի պատասխանը: Բումերանգի էֆեկտը մոռացողներին շատ «կապտուկներ» են սպառնում, որովհետև իրենց բաժինն ընդամենը իրենց նետածն է լինում: Ես չեմ պատրաստվում տեսակ փոխելու, ես ուզում եմ խորհրդարանում ավելացնել իմ տեսակը, որովհետև, որքան էլ հավակնոտ հնչի, կարծում եմ` այդ տեսակը պետք է: Մեր հասարակությունը և մենք այսօր կարիք ունենք բարիկադները քանդող տեսակի, համախմբող տեսակի: Միայն այդպես ենք հասնելու բոլորիս երազած Հայաստանին:

-Եվ` քանի՞ տարում:

-Որքան արագ, այնքան հրաշալի, և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվելով նստել և սպասել, որ ժամանակն ինքն իրեն գալու, մեզ ասելու է` ես եկա, հիմա պիտի երջանիկ լինեք: Ժամանակն իրատես է և չի ամաչում ասելուց` բարի եղեք` ինքներդ քայլ անել: Հաշվեք քանի՞ տարում, քանի՞ տասնամյակում, քանի՞ հարյուրամյակում են իրենց այսօրվա վիճակին հասել այն երկրները, որոնց մենք հիմա նաև նախանձում ենք: Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է, ընդամենը 20: Բայց եկեք հայավարի շտապենք, որովհետև հին ժողովուրդ ենք ու դանդաղելու իրավունք չունենք: Մի անգամ ազգովին ուզենք լավն անել, համոզված եմ` կլինի: Սրանք գեղեցիկ խոսքեր չեն, սա կենսափորձ է: Ես չեմ պատրաստվում գաղթական դառնալու, ես ուզում եմ իմ ընտանիքի հետ ապրել այս հողի վրա, որ իմ երկիրն է: Չեմ ուզում, որ իմ երեխաները գնան Եվրոպա ու գան, ինձ հարցնեն` ինչո՞ւ է նրանց մոտ լավ, մեզ մոտ` ոչ: Ես ուզում եմ, որ տիրոջ զգացողությունը լինի յուրաքանչյուրիս մեջ:

-Ի՞նչ երաշխիք, որ այս խորհրդարանական ընտրությունները կանցնեն այն չափանիշներով, որոնք կմոտեցնեն այդ երազած երկրին:

-Եթե համոզված չլինեի, կես դար ապրելուց հետո կյանքս 0 կետից չէի սկսի: Ես ապահովված եմ եղել և՛ աշխատանքով, և՛ գնահատանքով, և սա իմ կյանքի փոփոխության խնդիրը չէ: Ընտրությունները պետք է անցնեն այնպես, ինչպես միշտ անցնում են. մարդը պիտի գնա ընտրատեղամաս և ձայնը տա իր նախընտրած քաղաքական ուժին ու թեկնածուին: Թե որքանով է պաշտպանված լինելու ընտրողի քվեն, այ, այստեղ է, որ անելիք ունենք բոլորս և առաջին հերթին` իշխող քաղաքական ուժը, որ երբեք չի հրաժարվել իր պատասխանատվությունից` բաց ու շիտակ հայտարարում է, որ պատասխանատուն պետությունն է, իշխանությունն է, իշխող քաղաքական ուժն է:

-Հայաստանում սովորաբար ընտրությունները կատարվում են ցերեկը, արդյունքները որոշվում են գիշերը, այս անգա՞մ էլ է այդպես լինելու:

-Ցերեկն ու գիշերն էլ են շատ հարաբերական, նայած` երկրագնդի որ կողմում ես: Չեմ ուզում մտածել, որ այդպես կլինի, որովհետև մենք ազգովին հասել ենք մի սահմանի, որից այն կողմ սխալվելու իրավունք չունենք: Մենք սպառել ենք սխալվելու մեր չափաբաժինը: Ես համոզված եմ, որ և՛ ցերեկը, և՛ գիշերը մենք ունենալու ենք նույն պատկերը` իրական ընտրությանը համարժեք պատկեր: Նկատի ունեցեք, որ անգամ իդեալական ընտրության դեպքում դժգոհներ կլինեն, բողոքողներ ու չհամակերպվողներ, բայց դա չի նշանակում, որ ընտրությունները կեղծվել են:

-Ո՞ր քաղաքական ուժն է հավակնում 50+1-ի:

-Իսկ ո՞րը չի հավակնում, բոլորը. մենք` հայերս, միշտ մաքսիմալիստ ենք: Իսկ ո՞ր մեկն է ասել, թե գոհ կլինի քչով, ոչ մի ուժ: Փա՜ռք տանք Աստծուն, որ այսօր ընտրողն ունի ընտրության հնարավորություն, թեպետ նրան սպասում է դժվար ընտրություն:

-Ինչո՞ւ է այսօր պայքարի առանցքն իշխանության ներսում և ընդդիմության ներսում, եթե տրամաբանականն ընդդիմություն-իշխանություն մրցակցությունն է:

-Դա էլ է բնական, որովհետև դաշտը մեկն է, ուժերը` շատ ու տարբեր, իսկ ընտրությունը մրցույթ է, որտեղ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական ուժերը ձգտում են հաղթանակի: Արտառոց իրավիճակ չկա:

-Նախընտրական այս զարգացումները հետընտրական ի՞նչ դաշինքներ են ենթադրում:

-Քանի դեռ ընտրությունների արդյունքները չունենք, վաղ է խոսել այդ մասին: Միայն ենթադրել կարող եմ, որ կոալիցիաներ կլինեն, կլինեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություններ:

-Մայիսի 7-ին ի՞նչ եք անելու:

-Մայիսի 7-ին քաղաքական բոլոր ուժերն ու քաղաքացիները կթոթափեն ընտրությունների բեռը և հանգիստ շունչ կքաշեն` մտածելով արդեն առաջիկա 5 տարում իրենց անելիքների մասին, երբ բոլորս` իշխանություն թե ընդդիմություն, միասին կսկսենք իրականություն դարձնել մեր երկրի զարգացման տեսլականը:

-Լավ, պաշտոնական մասն ավարտեցինք, հարմարվե՞լ ես հարց տվողից պատասխանողի դերին:

-Անցումն այդքան էլ բարդ չէր, որովհետև լրագրողները սովորաբար տալիս են այն հարցերը, որոնց պատասխանը գիտեն:

-Եթե գիտեն` ինչո՞ւ են հարցնում:

-Որ համեմատեն:

-Չե՞ս կարոտում «Առավոտի» առավոտյան համարին, որտեղ քո գրածներն էին լինում:

-Երբ հայտնի դարձավ, որ ՀՀԿ ցուցակով պատրաստվում եմ պատգամավոր դառնալու, կայքերից մեկի լրագրողն ինձ զանգահարեց և հարցրեց` Ձեր օրն առանց «Առավոտի» պատկերացնո՞ւմ եք, ես պատասխանեցի բառացիորեն այսպես. «Ոչ մեկն իր օրն առանց առավոտի չի պատկերացնում, բոլորի համար օրը սկսվում է առավոտով, կատակս և բառախաղս հասկացա՞ր, առանց չակերտների»: Ասաց, թե հասկացել է, բայց կարդացի` չէր հասկացել, և բոլոր առավոտները գրել էր մեծատառով ու չակերտների մեջ: Հիմա ես քեզ ի՞նչ ասեմ. լրագրությունը աշխատանք չէ, հոգու վիճակ է:

Զրույցը`

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1180

Մեկնաբանություններ